
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ SPRING PR կազմակերպությունը հուլիսի 15-ին կիրականացնի «Լինե′նք հոգատար Հայաստան - Վարդավառ 2012» խորագրով նախագիծը:
Նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել ազգային ինքնության ձևավորմանը նպաստող ազգային տոներին, դրանց տարածմանն ու պահպանմանը: Սույն նախաձեռնությունը նվիրվում է Վարդավառ տոնախմբությանը, որի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ. հուլիսի 13-ին, ժամը 15:00-ին, Գոլդեն Թուլիփ Երևան հյուրանոցում կանցկացվի Վարդավառը' ոչ նյութական մշակութային արժեք թեմայով քննարկումը, որին կմասնակցեն փորձագետներ Կարինե Բազեյանը /Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրենի տեղակալ/, Տաթևիկ Սիմոնյանը /SPRING PR ընկերության համահիմնադիր/, Արթուր Աթանեսյանը /ԵՊՀ կիրառական սոցիոլագիայի ամբիոնի վարիչ/, Գոհար Ստեփանյանը /ազգագրագետ/, Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը /Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր/:
Վարդավառի տոնախմբությանը` հուլիսի 15-ին, ժամը 19:00-ին, Կարապի լճի շրջակայքում կբացվի հայ արվեստագետների, հասարակական գործիչների հեղինակած Վարդավառի թեմայով լուսանկարչական ցուցահանդեսը: Տոնակատարությունը կուղեկցվի ջրոցիով և տոնին բնորոշ միջոցառումներով:
Հուլիսի 13-ին, ժամը 11:00-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում' «Լինե'նք հոգատար Հայաստան - Վարդավառ 2012» սոցիալական-մշակութային նախագծին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Երանուհի Մարգարյանը, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը:
Отправить комментарий