Ծաղիկն ի՞նչ եմ անում: Խոտ ա էլի


             Միասին այգում նստած էինք:Ասեցիր.
-Անի,որ քեզ ծաղիկներ նվիրեմ ` կընդունե՞ս
-Չէ:
-Ինչի՞
-Ծաղիկն ի՞նչ եմ անում: Խոտ ա էլի..
Ուրախանա՞մ,որ խոտին 6.000 դրամ ես տվել ու բերել ինձ:Ծաղիկ չեմ սիրում,փողերդ ափսոս են:
Ասեցի ու դու էլ նեղացար ինձնից: Քեզ էլ ո՞նց բացատրեի,որ  ծաղիկներով ոչինչ չի որոշվում:Որ եթե ծաղիկ չեմ ուզում նվիրես ինձ էդ չի նշանակում,որ...Էհ լավ:

Իրար հետ էինք սովորում:Մեկ-մեկ դասերից հետո ինձ զանգում էիր,դուրս էինք գալիս ,  զբոսնում էինք: Արդեն զանգերիդ սովորել էի,որ զանգում էիր  չէի ուրախանում,ոչ էլ թռվռում էի:  Վերարկուս գցում էի ուսերիս,տան դուռը փակում ու դուրս էի գալիս:
Մեր մոտ ամեն ինչ հասարակ էր:Ոչ մի ծաղիկ,ոչ մի ռոմանտիկա: Բոլոր ձևականություններից ազատված էինք: Դու ծխում էիր,ես ` տերև հավաքում: Ես քեզնից ոչինչ չէի ուզում,դու էլ ` ինձնից: Աշուն էր: Տաք էի հագնվում,որ հանկարծ վերարկուդ ինձ չառաջարկես: Նույնիսկ գլխարկ էի դնում,ձեռներս էլ վերարկուիս գրպանում էի պահում:
Ամեն ինչ հասարակ էր,հասկանու՞մ ես: Մենք ոչ մի պայմանավորվածություն չունենինք. ես քո ընկերը չէի,ոչ էլ դու ` իմ : Մենք սիրահարված զույգ էլ չէինք: Մենք երկու մարդ էինք, ես ` Անին ու դու ` տղա, որոնք սովորում էին նույն վայրում,հետո մեկ-մեկ գնում էին զբոսնելու, տղան ծխում էր,Անին ` տերև հավաքում: Աշուն էր ու ցուրտ էր:Ծառերը երևի մրսում էին...Բայց ես ծառերի մասին չէի մտածում:
Աչքերիդ մեջ չէի նայում : Ուղղակի ինձ հետաքրքիր չէր աչքերիդ պարունակությունը:Էդ աչքերից ես էլ ունեմ: Ավելի լավ կլինի հայելու առաջ կանգնեմ ու սեփական աչքերիս նայեմ: Դու բարձրահասակ ես,քո աչքերի մեջ նայելու համար պիտի գլուխս բարձրացնեմ: Բայց ես մրսում եմ, աշուն ա, տերև եմ հավաքում: Դու իմ աչքերով չես հետաքրքրվում,չէ՞ : Չես կռանա,որ աչքերիս մեջ նայես: էդ դեպքում ես էլ գլուխս չեմ բարձրացնի,որ քո աչքերի մեջ նայեմ: Դու տեղ ծխի,ես էլ իմ համար տերև կհավաքեմ:
Էդ ծաղիկի հետ կապված խոսակցությունից հետո ինձ  3 օր չէիր զանգում...Մի զանգի: Կարոտում էի քո ծխելուն ու իմ տերև հավաքելուն,անսովոր էր առանց դրա:Հեսա ձյուն կգա,էլ չեմ կարողանա տերև հավաքեմ: Բայց լավ,ոչինչ,չեմ մեռնի:
Չորրորդ օրը զանգեցիր: Վերցրեցի:Առաջարկեցիր գնանք զբոսնենք: Էլի ոչ սիրտս խփեց,ոչ վատացա,ոչ թռվռացի: Հանգիստ վերարկուս գցեցի ուսերիս,գլխարկս դրեցի ու դուրս եկա տանից:
Քայլում էինք ու չէինք խոսում,ի՞նչ ասեի: Երևի նեղացած էի: Ուզում էի ժպտայի,ասեի,որ ես միքիչ տենցն եմ, չոր եմ խոսում,ծաղիկ չեմ սիրում: Բայց դա ասելու համար պիտի գլուխս բարձրացնեի,աչքերիդ մեջ նայեի:Իսկ ես մրսում եմ:Կամ էլ աչքերիդ մեջ չեմ ուզում նայեմ: Կարևոր չի,տարբերություն չկա: Ոչ մի բան էլ չասեցի:
Քայլեցի~նք, քայլեցի~նք: Նայեցիր ինձ,ասեցիր.
-Անի, ուզու՞մ ես կարանք էլ դուրս չգանք քայլելու:
Նայեցի աչքերիդ մեջ: Պարզվեց ` սիրուն աչքեր ունես:Ինչ-որ կապող բան կար ինձ ու քեզ:Հասկացա,որ փողոցում քայլելուց ոչ թե տաք վերարկուովս եմ տաքանում,այլ քեզնով: Հասկացա,որ միշտ ուզեցել եմ,որ չնայած տաք հագնվելուս ասես ."Անի, ուզու՞մ ես շարֆս տամ քեզ,հո չե՞ս մրսում:" :Ախր ո՞նց չէիր նկատում,որ վերարկուս հագել եմ,գլխարկ դրել եմ,ձեռքերս գրպանումս են,բայց այ շարֆ չունեմ: Ո՞նչ չէիր հասկանում,որ շարֆ հատուկ չէի կապում,որ  ինքս ինձ հույս տամ,թե միգուցե մի օր ինքդ ինձ քո շարֆը կառաջարկես:  Հաստատ էդ շարֆը գրկած կքնեի,քո հոտը սիրում եմ: Զգացի,որ քեզ  երևի սիրահարված  եմ: Կամ սիրում եմ: Բայց ի՞նչ տարբերություն...
-Ոնց հարմար ես գտնում:
Ասեցի ու վեր կացա,եկա տուն: Եկա տուն, զանգեցիր: Ուզում էի ասեի,որ քեզ կարոտել եմ ու խնդրեի շարֆդ մի օրով ինձ տաս,բայց ` չասեցի: Դու ասեցիր.
-Անի,հաստա՞տ ծաղիկներ չես ուզում: Եթե ուզենաս,ասա, ես վաղը քեզ կնվիրեմ...Համել...Կհանդիպենք:
-Ես խոտ չեմ սիրում,-ասացի ու դրեցի հեռախոսը:
Ես իր շարֆն էի սիրում,հոտը: Աչքերի մեջ էլ չէի նայում,որովհետև...Որովհետև երևի էնքան շատ էի աչքերը սիրում,որ վախենում էի նայեմ:
Դու երևի էլի նեղացար ինձնից: Բայց քեզ ո՞նց բացատրեի,որ եթե ես ծաղիկ չեմ սիրում էդ չի նշանակում,որ...Էհ լավ:
Մենակս կգնամ տերև հավաքելու:Ու եթե պետք լինի` ծխել կսովորեմ,ինքս քո տեղը կծխեմ: Ափսոս,որ քո շարֆից,աչքերից ու հոտից չեմ գտնի..
Հեսա ձմեռ կգա:Աշուն:Ցուրտ:
Ծաղիկներ էլ չեմ սիրում,հասարակ խոտ են...Չեմ սիրում որ վերջ:
Ծաղիկների մեջ ջերմություն չկա,իսկ քո աչքերի մեջ ` կա....


Отправить комментарий