
Նազենի Հովհաննիսյանը հուլիսի 18-ի երեկոյան իր հարազատների, ընկերների, բարեկամների, գործընկերների հետ պարել է, կենացներ խմել ու անհամար նվերներ ստացել. դերասանուհի-հաղորդավարուհին նշել է ծննդյան տարեդարձը:):
Ինչպես հոբելյարն է նշել, չի սիրում իր տարեդարձը շոուի վերածել, բայց արդյունքում տոնական խրախճանք է ստացվել: Հյուրերի թվում են եղել բազմաթիվ երգիչներ, դերասաններ, հաղորդավարներ, որոնք Նազենիի օրը հիշարժան են դարձրել: Երեկույթին մասնակցել են Խորեն Լեւոնյանը, Հրաչ Քեշիշյանը, Սոֆի Մխեյանը, Էմմին, Անդրեն, Էրիկը, Արսեն Գրիգորյանը, Արմեն Մազմանյանը, Rippi-ն, Լուիզա Ներսիսյանը, Հրանտ Թոխատյանը եւ ուրիշներ:
30-ամյակը նշող հաղորդավարուհի-դերասանուհին իր տարիքից չի բարդույթավորվում. “Ես տարեցտարի ավելի շատ եմ սիրում իմ ծննդյան օրը, իսկ մանուկ հասակում այնքան էլ չէի սիրում: Ամեն օր ավելի եմ գնահատում մեզ տրված կյանքի քաղցրությունը ու մտածում` երբեմն ինչքան շռայլորեն ենք վատնում ժամանակը: Կապ չունի` 30, թե 40 տարեկան ես, գիտակցում ես, որ քո կյանքից մեկ տարի էլ գնաց: Բայց ծննդյանդ օրը ճիշտ ու հավեսով անցկացնելը նշանակում է, որ ապրում ու շնչում ես, դու դեռ կաս, ի վերջո կյանքը գեղեցիկ է”, - զրույցում ասել է Նազենի Հովհաննիսյանը:
Նազենիի խոսքերով` “պարզունակ սեր ունի” ծաղիկների` մասնավորապես վարդերի նկատմամբ. “Գիշերվանից սկսած` արդեն պատված էի գեղեցիկ վարդերով: Նվերների ցանկն անսահմանափակ է, սիրում եմ, որ ինձ ճանաչելով են նվեր անում: Օրինակ` Սոֆի Մխեյանը, իմանալով ինձ ինչ է անհրաժեշտ, հետեւողական կերպով նախաձեռնում է, որ նվերը տեղ հասնի:)”:
“Մամայական ձեռքերի հուշը…”
Հաղորդավարուհի-դերասանուհին հուզմունքով հիշել է իր մայրիկի հետ անցկացրած ծննդյան օրերը. “Նախորդ տարվա ծննդյանս օրը շատ ուրախ ու անհոգ էի. ընկերներով հավաքվել ու ուրախանում էինք, բայց ամենակարեւոր փաստը` 29-ամյակիս իմ մայրը ողջ էր… Իր հիշատակի համար եմ այսքան սրտանց ուրախանում, որովհետեւ նա հաստատ շատ կուզեր ու կհպարտանար ինձնով… Իմ մանկության, պատանեկության, նաեւ հասուն տարիքի ամենալավ հուշերից մեկն այն է, որ մայրս, մեն մենակ ու գիշերը չքնելով, դոլմա, աղցաններ ու այլ ուտեստներ էր պատրաստում, առանց նեղություն տալու որեւէ մեկին: Մամայական ձեռքերի հուշն է.. Ափսոս, որ նա չկա…”:

Отправить комментарий