«Երեխաներին պահելու մինիմալ շեմը ունենք, բայց ոչ ավելին»


childՀատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաների համար նախատեսված հաստատությունները Հայաստանում քիչ են, ընդամենը` երկուսը. Գյումրիի մանկատունը եւ Խարբերդի մասնագիտացված մանկատունը (ՊՈԱԿ): Վերջինս 1950-ական թթ. գործել է Հաղթանակ գյուղում, այնուհետեւ 1970-ական թթ. տեղափոխվել է Խարբերդ: Այժմ Խարբերդի մանկատանը ապրում են տարբեր ֆիզիկական եւ մտավոր արատ ունեցող 300-ից ավելի երեխաներ:

Խարբերդի մանկատան աշխատակիցներից Իրինա Յաղուբյանը պատմում է. ՙ2000 թ.-ից աշխատում եմ այստեղ: Նման երեխաները մինչեւ 1-6 տարեկան դառնալը ապրում են Գյումրիի մանկատանը եւ շատ քիչ դեպքերում` ընտանիքում: Երեխաներին ծնողները հանձնում են մանկատուն հիմնականում ֆինանսական վիճակից դրդված: Նման ընտանիքներում կանայք միշտ մենակ են մնում, եւ չգիտեն` երեխային խնամեն, թե աշխատեն, որպեսզի ընտանիքի հոգսերը հոգան: Երեխան ինչքան մեծանում է, մեծանում են նաեւ նրա առողջական խնդիրները: Լինում են դեպքեր, երբ ընտանիքում հիվանդ երեխայի հետ մեկտեղ լինում են նաեւ առողջ երեխաներ: Շատ են նաեւ այն դեպքերը, երբ ծնողները հենց հիվանդանոցում հրաժարվում են երեխայից` հասարակությունում տիրող կարծրատիպերի պատճառով...
Նախատեսված է, որ երեխաները մանկատանը կարող են մնալ մինչեւ 18 տարին լրանալը, սակայն, քանի որ Հայաստանում չկա այլ հաստատություն, երեխաները շարունակում են մնալ այստեղ, քանի որ այստեղ գտնվող նույնիսկ ամենաառողջ երեխան ինքնուրույն կյանքի պատրաստ չէ: Երեխաների առօրյան շատ բուռն է անցնում: Այստեղ գործում են շատ խմբակներ` ասեղնագործության, կավագործության, փայտամշակման, պարի, երգ-երաժշտության, համակարգչային սենյակ էլ ունենք: Երեխաները իրենք են ընտրում, թե որ խմբակը հաճախեն, իհարկե, ֆիզիկական հնարավորությունից ելնելով: Նույնիսկ ունենք երեխաներ, ովքեր հաճախում են բոլոր խմբակներին, սակայն նրանցից ոմանք նույնիսկ ցանկություն չունեն որեւէ խմբակ հաճախել: Երեխաների մոտ հաճախ հոգեբանական խնդիրներ են առաջանում ծնողի բացակայությունից: Կան ծնողներ, ովքեր ամեն շաբաթ, ամեն ամիս կամ գոնե տարին մեկ այցելում են երեխաներին, սակայն այդպիսի ծնողների թիվը շատ քիչ է՚:
Մենք զրուցեցինք նաեւ մանկատան սաներից մեկի` Համլետ Արզումանյանի հետ, ով այս տարի մասնակցել է ավարտական քննություններին եւ ստացել է ատեստատ:  Համլետը ծնվել է 1990 թ.-ի մայիսի 29-ին: Հաճախում է տարբեր խմբակների` կավագործության, ասեղնագործության, փայտամշակման: Հաճախում է նաեւ համակարգչային սենյակ, սովորում է անգլերեն: Ազատ ժամանակ հեռուստացույց է դիտում: Սիրում է պատմական, կենդանիների մասին հաղորդումներ: Ֆիլմերից նախընտրում է մարտաֆիլմերը, շատ է լսում նաեւ դասական երաժշտություն: Համլետը ավելի ինքնամփոփ երիտասարդ է, մոտ ընկերներ չունի, շփվում է բոլորի հետ: Նա երկու անգամ ոտքի վիրահատություն է տարել: Տիկին Էլմիրան պատմում է. ՙՀամլետը 1998թ.-ին է եկել մանկատուն, ընդամենը 8 տարեկան էր, եւ մենք չէինք կարծում, որ նա նման դրական առաջընթաց կունենա՚:Այն հարցին, թե ի՞նչ երազանք ունի, Համլետը պատասխանեց. ՙՈւզում եմ մտնել հասարակության մեջ, մարդկանց մեջ... Սիրահարված չեմ, կարծում եմ` սիրահարվելու համար պիտի հնարավորություն ունենաս՚:
Մենք զրուցեցինք նաեւ մանկատան տնօրենի` Հարություն Բալասանյանի հետ: Այն հարցին, թե տարեկան կտրվածքով մեկ երեխային որքա՞ն գումար է պետությունը հատկացնում, Հ. Բալասանյանը պատասխանեց. ՙՄեկ երեխայի համար պետությունից ստանում ենք օրական 4000 դրամ: Իհարկե, դա չի բավականացնում: Կան ծախսեր, որ ընդհանրապես չենք հոգում: Պատճառն այն է, որ ֆինանսական միջոցները շատ սուղ են: Տրամադրված գումարով ամբողջապես կարողանում ենք հոգալ կոմունալ ծախսերը, սննդի հարցը, դեղորայքը` մասամբ: Բայց, օրինակ, կահույքը բավականին քիչ է, հիգիենայի պարագաները գրեթե չեն հերիքում, կա նաեւ վերանորոգման խնդիր: Ես արդեն 11 տարի է, ինչ այստեղ աշխատում եմ, եւ այս ընթացքում վերանորոգում չի կատարվել: Անցած տարի մեր միջոցների հաշվին վերանորոգել ենք մանկատան երկու վերելակները: Խնդիր է նաեւ երեխաների ամառային հանգստի կազմակերպումը: Մի խոսքով` մենք երեխաներին պահելու մինիմալ շեմը ունենք, բայց ոչ ավելին:
Այժմ գերխնդիրն այն է, որ երեխաները մեզ մոտ կարող են բնակվել մինչեւ 18 տարին լրանալը, բայց, քանի որ չկա այդպիսի հաստատություն, երեխաները շարունակում են մնալ այստեղ: Մենք ունենք երեխաներ, ովքեր հասել են որոշակի գիտակցության: Ճիշտ է, նրանք ամբողջ կյանքում չեն կարող ինքնուրույն ապրել, բայց մնալով պետության հովանու ներքո, նրանք կարող են ունենալ իրենց տունը` թեկուզ մանկատան ներսում:
Այժմ ցանկանում ենք իրականացնել մի ծրագիր աուտիզմով տառապող երեխաների համար: Ծրագրի նպատակն է` իրագործել երեխաների եւ ձիերի շփումը, ի դեպ, այդ շփումը շատ օգտակար է նման երեխաներին, որոնք հետագայում զգալի արդյունքների են հասնում: Մենք համագործակցում ենք հոլանդացի մասնագետների հետ: Նրանք եկել են մանկատուն, ուսումնասիրել են տարածքը ու շատ հավանել են: Նախադրյալներ կան այս ծրագիրը իրագործելու համար, բայց դե ժամանակը ցույց կտա՚:
Ճիշտն ասած` մանկատուն կատարած մեր այս այցը մի տեսակ ոգեւորիչ չէր: Բանն այն է, որ մինչ այդ քանիցս էինք լսել մեր պետական պատկան այրերի այն հավաստիացումները, թե հայաստանյան մանկատներում գործնականում խնդիրներ չկան: Իսկ ահա պարզվում է, ինչ-որ կերպ բավարարվում են միայն այս անօգնական երեխաների սննդի, կոմունալ հոգսերը, եւ նույնիսկ ՙհիգիենայի պարագաները գրեթե չեն հերիքում՚: Մի խոսքով` երեխաներն ապրում են տնօրենի ասածի պես` ՙմինիմալով՚, ինչը, մեղմ ասած, այդքան էլ չի համապատասխանում մեր չինովնիկական դասի մեծ-մեծ հայտարարություններին: Գումարած դրան, այդպես էլ դեռ լուծում չի գտել այն բազմաչարչար հարցը, թե ի՞նչ պետք է անի երեխան, երբ մեծանում է եւ օրենքով այլեւս չպետք է գտնվի մանկատանը: Լավ, ասենք 18 տարեկանը լրանալուց հետո թողնում են մի որոշ ժամանակ մնալ մանկատանը: Բա հետո՞. ինչքա՞ն կարող են այդպես ՙօրենքից դուրս՚ ապրել: Բա որ մի օր էլ նրան պարզապես դուրս անեն...


Отправить комментарий