'Այն ինչը ես եմ տեսել մանուկ հասակում, թող էլ ոչ ոք չտեսնի '


MeriԻնչպես 1915թ. եւ դրանից  առաջ թուրքերն էին կոտորում հայերին` չխնայելով մայր ու մանուկ, այդպես էլ նախորդ  դարավերջին նրանց կրտսեր եղբայր ազերիներն էին վարվում: Իսկ ողբերգության վայրերը բոլորին հայտնի ենª Բաքու, Սումգայիթ, Գյանջա...

Ազերիների վայրագությունների զոհ գնացին նաեւ Հայաստանի սահմանամերձ բազում բնակավայրերի խաղաղ բնակիչներ: Առավել եւս, որ նրանց բարբարոսությունները սահմաններ չէին ճանաչում եւ դուրս էին միջազգային, պատերազմական բոլոր նորմերից: Ուրիշ ինչ անուն տաս, երբ հրետանիով, օդուժով ռմբակոծում էին խաղաղ բնակավայրերը...
Այսօրվա մեր զրուցակիցը` ՄԵՐԻ ՄԵՋԼՈՒՄՅԱՆԸ, ով այսօր 24 տարեկան է, ազերիների նման ռմբակոծություններից տուժել է մանուկ հասակում: Այդ չարաբաստիկ օրը 7-ամյա Մերին հասակակից երեխաների հետ բակում խաղում էր, երբ սկսվեց ռմբակոծությունը: Պայթյուններից մեկի արդյունքում նա զրկվեց ձեռքերից եւ մեկ ոտքից...
Դե պատկերացրեք 7 տարեկան երեխա` առանց ձեռքերի եւ մեկ ոտքի: Նման դեպքերում ամեն մեկն էլ ՙկկոտրվի՚, կկորցնի հետաքրքրությունը կյանքի նկատմամբ: Սակայն Մերին դիմացավ: Նա կարողացավ այնպիսի հզոր կամք դրսեւորել, որին, վստահ եմ, կնախանձեին որեւէ առողնջական խնդիր չունեցող շատ ու շատ մարդիկ: Նման ծանրագույն վիճակով Մերին կարողացավ ոչ միայն կյանքը շարունակել, այլեւ ավարտել Կապանի միջնակարգ դպրոցը, ապա ուսումը շարունակել է բարձրագույն ուսումնական հաստատությունում: Եվ այդ ամենից հետո էլ մասնակցելով ՙԼեւ Գրուպ՚ փաստաբանական գրասենյակի կողմից հայտարարված մրցույթին` այսօր աշխատում է տվյալ ընկերությունում, այն էլ` որպես գլխավոր տնօրենի խորհրդական:
Զրույցը Մերին սկսեց հենց դրանից. ՙՙԼեւ Գրուպ՚-ում աշխատելով ես ինձ ավելի վստահ ու պետքական զգացի՚: Եվ անցավ հիշողություններին.
- Յոթ տարեկան էի, նոր էի ավարտել առաջին դասարանը: 1993թ. թուրք-ադրբեջանական պատերազմի ժամանակ, հուլիսի 23-ին, հերթական ռմբակոծության ժամանակ կորցրեցի ձեռքերս եւ ոտքիս թաթը: Բակում երեխաների հետ խաղում էինք, այնքան անհոգ էինք, այնքան ուրախ, որ երբեք մտքովս չէր անցնի, որ րոպեներ հետո ես կարող եմ դառնալ հաշմանդամ: Երեխաներով կանգնած էինք, երբ ռմբակոծեցին: Ես ընկա, իսկ երբ ուշքի եկա տեսա, որ թեւերս չկան...
Շատ դժվար էր այդ ամենը ընդունել որպես իրականություն: Բայց որոշ ժամանակ անց ինքս իմ առջեւ խնդիր դրեցի ու ինքս ինձ ասացի. ՙՉէ°, Մերի, դու պարտավոր ես առաջ նայել, ձգտել այն երազանքների իրականացմանը, որն ունեիր մինչ այդ՚: Ու կարողացա: Ճիշտ է, եթե չլինեին ծնողներս, ընկերներս, որոնք ինձ երբեք մենակ ու առանց ուշադրության չեն թողել, գուցե չկարողանայի հաղթահարել: Նրանք ամեն ինչ անում էին, որ ես նորից սկսեմ ապրել: Ես ուղղակի չէի կարող նրանց հուսախաբ անել, նրանք հավատում էին, որ ես կարող եմ ու պետք է առաջ նայեմ:
Առաջին քայլս նորից դպրոց հաճախելն էր: Դպրոցում սովորելու տարիներին երազում էի ու մտածում, արդյոք ինձ համար էլ կհնչի՞ բուհական առաջին զանգը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի համալսարան: Մասնագիտությամբ տնտեսագետ եմ: Ճիշտ է, ես կարողացա հաղթահարել այն դժոխքը, որի միջով ստիպեցին ինձ անցնել ադրբեջանցիները, բայց իմ հիշողության մեջ միշտ մի բան է մնում` ՙպատերազմ, պատերազմ, բայց ինչո՞ւ այդ դժոխքի միջով պետք է անցնեինք մենք` երեխաներս: Չէ°, չմտածեք, թե հիշաչար եմ, պարզապես դարեր են պետք երեւի, որպեսզի նման հիշողությունները, քիչ թե շատ, սպիանան:
Երբ ավարտեցի բուհը, մտածեցի` ինչ եմ անելու, երբեւէ կաշխատե՞մ որեւէ տեղ: Մի օր պատահական թերթում տեսա հայտարարություն, որտեղ գրված էր, որ ՙԼեւ Գրուպ՚ փաստաբանական գրասենյակը հայտարարում է մրցույթ: Որոշեցի, որ անպայման կմասնակցեմ: Մտածում էի, եթե նույնիսկ մրցույթը չանցնեմ ինձ համար փորձ կլինի հետագայի համար: Մի քանի օր հետո ինձ զանգեցին ու ասացին, որ մրցույթը շահել եմ: Հիմա աշխատում եմ ՙԼեւ Գրուպ՚ փաստաբանական գրասենյակում:
- Իսկ ինչպե՞ս ես կարողանում նման վիճակում աշխատել, ինչպե՞ս է դա քեզ մոտ ստացվում:
- Կարողանում եմ օգտվել համակարգչից: Աշխատում եմ ոտքով, բերանով գրիչը վերցնում եմ, ստեղնաշարով գրում: Այսինքն, եթե դուք միայն ձեռքով եք կարողանում, ես ե'ւ ոտքով եմ կարողանում, ե'ւ բերանով:
- Ինչպե՞ս ես պատկերացնում ապագադ:
- Ապագաս այսպես եմ պատկերացնում, ունենամ իմ անձնական ընտանիքը, աշխատանքում լինեմ ֆինանսապես կայուն... Եվ մեկ ցանկություն եւս. ես երբեք չեմ ցանկանում պետությունից ստանալ որեւէ բան: Հակառակը, ես իմ գիտելիքներով ցանկանում եմ օգնել պետության առաջընթացին:
- Կնոջ մեջ ի՞նչն ես ամենաշատը գնահատում:
- Առաքինությունը, պարկեշտությունը եւ կամքի ուժը:
- Ի՞նչ երազանքներ ունես:
- Երազում մեծ ու գեղեցիկ ապագայի մասին: Ունեի նաեւ մանկական երազանք` դառնալ մոդել: Իսկ մեր հայրենի Հայաստանին ցանկանում եմ խաղաղություն եւ այն, ինչը ես եմ տեսել մանուկ հասակում, թող ոչ մի մանուկ չտեսնի: Ես հավատում եմ ու վստահ եմ, որ մեր Հայաստանը օր օրի կբարգավաճի, իսկ մեր ժողովրդի լավատես ոգին կդառնա բալասանը բազում ցավերի:
Թեեւ Մերին հավաստիացնում է, որ պետությունից որեւէ բան չի ցանկանում, սակայն հարցազրույցի ընթացքում պարզեցինք նաեւ, որ նա որոշակի խնդիրներ ունի կապված իր իրավունքների պաշտպանության հետ: Բանն այն է, որ փոխանակ նա ստանա պատերազմի արհավիրքներից տուժողի թոշակ, ստանում է մանկության հաշմանդամության թոշակ: Չգիտես ինչու են մեր պետական լիազոր մարմինները նման որոշում կայացրել եւ Մերիին հատկացրել մանկուց հաշմանդամի թոշակ, մոռանալով կամ գուցե հաշվի  չառնելով, որ Մերին այսօր հաշմանդամ է դարձել թուրքի գնդակից: Եվ, արդյունքում, պատերազմի պատճառով մանկուց հաշմանդամ դարձած աղջկա հաշվին մի քանի հազար դրամ մնում է պետությանը: ՙԳովելի խնայողություն՚ է, բան չունենք ասելու: Միայն հարցը նրանում է, թե այդ ՙխնայողության՚ հեղինակները նույն պետության հաշվին որքա՞ն միլիոններ են լցնում սեփական գրպանները: Այս փաստն այնքան տգեղ է թվում, որ առաջիկայում անպայման հանգամանորեն դրան կանդրադառնանք: Բայց մինչ այդ նկատենք, որ Մերին ինքն իրենով աշխարհին ներկայացնելու մեկ օրինակ է, թե ժամանակին Ադրբեջանն ինչ բարբարոսությունների է դիմել մեր խաղաղ բնակիչների եւ մասնավորապեսª երեխաների նկատմամբ: Եվ այն դեպքում, երբ ազերիները իրենց չեղած պատմություններից են իսկական ողբերգություններ կերտում:  Ու, փոխանակ մեր պատկան չինովնիկները մտածեն նման բաների մասին, դեռ մի բան էլ  որոշել են, որ ռմբակոծությունից հաշմանդամ դարձած երեխան չի կարող պատերազմի հաշմանդամ համարվել...


Отправить комментарий