Վորոբեյը կժամանի սեպտեմբերին


VorobeyՄի քանի ամիս առաջ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի հրավերով ՌԴ դերասանուհի ԵԼԵՆԱ ՎՈՐՈԲԵՅԸ իր ռուս գործընկերների հետ հյուրախաղերով Հայաստանում հանդես եկավ ՙԻնչ են ուզում տղամարդիկ՚ կատակերգությամբ: Այդ ժամանակ Վորոբեյը լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում խոստովանեց, որ առաջին անգամ է Հայաստանում եւ արդեն որոշակի տպավորություններ է ստացել մեր երկրից:
Դերասանուհին նույնիսկ այցելել էր հայկական շուկա, գնումներ կատարել ու հասցրել համտեսել հայկական որոշ քաղցրավենիքներ: Նրան դուր էին եկել նաեւ Հայաստանի տուֆակերտ շենքերը:
Իսկ մոտ մեկ ամիս առաջ հեռուստատեսությամբ եւ համացանցով անդադար գովազդվում էր դերասանուհու` կրկին հյուրախաղերով Հայաստան այցի շոու-համերգային ծրագրի մասին: Ըստ գովազդների, Վորոբեյը Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի բեմում պիտի հանդես գար հունիսի 29-30-ին: Սակայն շոու-համերգն այդպես էլ չկայացավ: Դրա փոխարեն ինտերնետային կայքերում հայտնվեցին գովազդներ, որ ՙԵլենա Վորոբեյի շոու-համերգը կկայանա սեպտեմբերի 27, 28 -ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ժամը 19:00-ին:  Տեւողությունը 2 ժամ է` առանց ընդմիջման: Բովանդակությունը` պարոդիաներ ռուսական էստրադայի աստղերի վերաբերյալ (Ալլա Պուգաչովա, Մաշա Ռասպուտինա եւ ուրիշներ), երգիծական-հումորային բնույթի մանրապատումներ: Ամբողջ ընթացքը ուղեկցվելու է ժամանակակից էստրադային ռիթմիկ եւ բոլորիս հանրածանոթ երաժշտությամբ: Համերգային շոուի խորագիրն է ՙԱստղային վրաերթ՚: Իսկ տոմսերի արժեքը` 3000-15000 ՀՀ դրամ՚:
Ըստ շրջանառվող լուրերի, շոու-համերգը հետաձգվել է տոմսերը չվաճառվելու պատճառով: Բայց, խոսակցությունները հիմք չընդունելով, իրական պատճառները պարզելու համար զանգահարեցինք նախ Սունդուկյանի անվան թատրոն, որտեղից մեզ տեղեկացրին, որ շոու-համերգն իսկապես հետաձգվել է, եւ Վորոբեյը Հայաստան կժամանի սեպտեմբերին: Սակայն թատրոնի աշխատակցուհին հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ` խորհուրդ տալով այդ հարցով դիմել կազմակերպիչներին: Աշխատակցուհին մեզ խորհուրդ էր տալիս, որ ինքներս գտնենք կազմակերպիչներին, բայց, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց նրանից կորզել կազմակերպիչներից ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հեռախոսահամարը:
ՙԶարուհու՚ հետ զրույցում Վ. Գրիգորյանը տեղեկացրեց, որ ինքը Վորոբեյի հայաստանյան շոու-համերգի համակազմակերպիչ է եւ նշեց հետաձգման հիմնական պատճառները.
- Պատճառն այն է, որ Յուրմալայում հուլիսի սկզբին նա ինչ-որ շատ հեղինակավոր ստուգատեսի պիտի մասնակցեր, նաեւ մի փոքր առողջական խնդիրներ ուներ: Որպեսզի իրականացներ ե'ւ մասնակցությունը, ե'ւ դրա հետ մեկտեղ Իսրայելում բուժման մեկներ, մենք այդ պատճառով ուղղակի չշտապելու համար համերգային շոու-ծրագիրը տեղափոխեցինք սեպտեմբեր: Եվ հետո` սեպտեմբերն իր համար ազատ եւ հարմար շրջան է: Իհարկե, նաեւ մեր շոգերն էին պատճառը. իրենք լավ էլ հետեւում են, թե Հայաստանում ինչ եղանակ է:
- Խոսակցություններ կան, որ տոմսերի վաճառքը լավ չիրականացնելու համար եք ստիպված եղել հետաձգել համերգը:
- Ո'չ: Բայց, իհարկե, սկզբնական շրջանում հենց այդպես էլ կար, սակայն, երբ արդեն պարզ դարձավ վերը նշված հանգամանքը, ինքներս, կարճ ասած, դադարեցրինք բոլոր տեղերում գովազդները, որպեսզի ժողովրդին անիմաստ նեղություն չտանք: Չնայած ասեմ, որ գնված տոմսերն ուժի մեջ են լինելու սեպտեմբերին, բայց, եթե մարդիկ ցանկանում են, կարող են վերադարձնել դրանք:
- Գովազդներում նշվում է, որ առաջին անգամ է Վորոբեյը գալու Հայաստան:
- Նա մի անգամ եկել է Հայաստան, բայց բոլորովին այլ ծրագրով. ուղղակի որպես դրամատիկ ներկայացման դերասանուհի է հանդես եկել: Բայց դա իր ծրագիրը չէր: Իսկ առաջին անգամ ասելով` նկատի ունենք, որ առաջին անգամ է այդ ծրագրով եւ իր թատրոնով հանդես գալու Հայաստանում: Պիտի ասեմ, որ հրաշալի, առողջ հումորով ծրագիր է, որն իր մեջ ընդգրկելու է ե'ւ նմանակումներ, ե'ւ զվարճալի, երգիծական բնույթի երաժշտական համարներ: Այսինքն` ինքն է միակ կատարողը, բայց բեմում նա մենակ չէ, ըստ էության, ներկայացնում է էստրադայի համայնապատկեր` երգիծական բովանդակությամբ նմանակման ոճով: Եվ ամենակարեւորներից մեկը, որ այն առանց ընդմիջման է` երկու ժամ տեւողությամբ: Հավելեմ, որ Վորոբեյը իր ապրիլյան այցելության ժամանակ շատ էր սիրել մեզ` հայկական իրականությունը, հյուրասիրությունը, մատուցումն ու մոտեցումը: Այդ ժամանակ նշեց, որ ինքն իր ձեւի մեջ չի ներկայացել հայ հանդիսատեսին եւ ցանկություն հայտնեց հաջորդ անգամ իր ոճով հանդես գալ: Սեպտեմբերի վերջին` նշված ժամկետներում, տեղի կունենա համերգային ծրագիրը, եւ կարծում ենք` բոլորն էլ բավականություն կստանան:
Հուսանք, որ իսկապես Վորոբեյը Հայաստան կժամանի սեպտեմբերին, եւ չի կրկնվի համաշխարհային աստղ Սառա Կոնորի` Հայաստան ժամանելու անհաջող փորձը, որ այս տարի էլ Հայաստան չգա Վորոբեյը:


Отправить комментарий