Կոտրվածքից մահացած աշակերտուհու գործով...

                                 Կաշառակերության մեջ են մեղադրում ուսուցչին

kasharkՄայիսի 18-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղի դպրոցի 12-րդ դասարանի ֆիզկուլտուրայի պետական ավարտական քննության ժամանակ դպրոցի աշակերտուհի Մարիամ Արշակյանը վազքն ավարտելուց հետո ընկել էր եւ ստացել ձախ ազդրի կոտրվածք:
Այս դեպքը ժամանակին աղմուկ բարձրացրեց, քանի որ Մարիամին անմիջապես Աբովյանի բժշկական կենտրոն տեղափոխելուց եւ սովորական կոտրվածքի դեմ ստացիոնար պայմաններում երեք օր բուժելուց հետո` աղջիկն անսպասելի մահացավ:
Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ տեղի ֆիզկուլտուրայի ուսուցչի` Նորայր Ստեփանյանի նկատմամբ, ով նաեւ զբաղեցնում է Արամուսի համայնքապետի տեղակալի պաշտոնը, քրեական հետապնդում է սկսվել: Նույն աղբյուրներից նաեւ տեղեկացանք, որ վերջինիս շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Հ. Արսենյանը: Ուստի մանրամասներ իմանալու ակնկալիքով դիմեցինք հենց նրան.
- ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության, հատկապես կարեւորագույն գործերով քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննության արդյունքում` Կոտայքի  մարզի Արամուս գյուղի բնակիչ Նորայր Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել, թե` ՙ2010-12թթ. ուս. տարվա ընթացքում դպրոցի 12 բ դասարանի աշակերտուհի Մարիամ Մելիքյանին ֆիզկուլտուրայի դասաժամերից ազատելու համար Մ. Արշակյանի հայր Մելիք Արշակյանից 2011թ. հոկտեմբեր ամսին գյուղապետարանի դիմաց առձեռն կաշառք է ստացել 30 000 դրամ: Այնուհետեւ` 2012թ. մայիսի 21-ին` Մարիամ Արշակյանի հոգեհանգստի օրը, տեղեկանալով, որ վերջինիս համադասարանցիները հրավիրվել են որպես վկա հարցաքննության, դպրոցի տնօրենի, դասղեկի ներկայությամբ աշակերտներին դրդել է սուտ ցուցմունք տալու՚: Այսինքն` սուտ ցուցմունք տալու դրդչության մեջ է մեղադրվել, որի արդյունքում` 2012թ. հունիսի 28-ին Ն. Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 1-ին, 325 հոդվածի 1-ին եւ 38-338-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այն է` կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու եւ սուտ ցուցմունք տալու դրդչություն:
Պաշտպանական կողմը գտնում է, որ Նորայր Ստեփանյանին մեղսագրված արարքները մտացածին են, եւ պատճառն այն է, որ 2012թ. մայիսի 18-ին ֆիզկուլտուրայի քննության ընթացքում աշակերտուհին ընկել է գետնին եւ ձախ ազդրի կոտրվածք ստանալու ախտորոշմամբ տեղափոխվել է Աբովյան  ԲԿ ՓԲԸ, իսկ մայիսի 20-ին ՙճարպային էմբոլիա՚ ախտորոշմամբ  մահացել է: Աշակերտուհու ծնողները, դժբախտ դեպքի հետ կապված, չգիտես ինչու, մեղադրում էին ֆիզկուլտուրայի ուսուցչին, իսկ երբ ակնհայտ է դարձել, որ Ստեփանյանը լինելով հանձնաժողովի անդամ` իր  պարտականություններում չի թերացել: Մարիամ Արշակյանի ծնողները չհամակերպվելով իրականության հետ, փորձում են ամեն կերպ Ստեփանյանի անունը շահարկել` վերջինիս մեղադրելով կաշառք վերցնելու մեջ: Բավականին հետաքրքիր երեւույթ է նաեւ այն, որ Ստեփանյանին նույնիսկ մեղսագրվել է 38-338 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով արարք, այսինքն` իբր նա դրդել է աշակերտներին, որ Ոստիկանությունում սուտ ցուցմունք տան: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ 2012թ. մայիսի 18-ին ֆիզկուլտուրայի քննության օրը Նորայր Ստեփանյանը եղել է հանձնաժողովի անդամների մեջ, իսկ նրանց գործողություններում քրեորեն հետապնդելի որեւէ գործողություն չկա: Հետեւաբար, ինչպիսի հանցանք թաքցնելու նպատակ պետք է հետապնդեր Ն. Ստեփանյանը, որ որոշ աշակերտուհիների դրդեր սուտ ցուցմունքներ տալու: Դատարանը հիմք ընդունելով վերոնշյալը, բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ խափանման միջոց է ընտրել երկու ամիս կալանավորումը: Հուլիսի 2-ին վերաքննիչ բողոք ենք ներկայացրել վերաքննիչ դատարանին, որպեսզի բեկանվի առաջին ատյանի կայացրած որոշումը, եւ Ն. Ստեփանյանին ազատ արձակեն:
Ն. Ստեփանյանի եւ դեպքի վերաբերյալ կարծիքներ իմանալու համար դիմեցինք նաեւ գյուղի բնակիչներից մի քանիսին:
- Դրական հատկանիշներով օժտված մարդ ա, վայելում է շրջապատի սերն ու հարգանքը:
- Բազմանդամ ընտանիքի հայր ա, ունի սոցիալական կայուն դրություն: Ամոթ էլ ա, որ նման բաների մեջ են մեղադրում:  Նշենք նաեւ, որ Նորայր Ստեփանյանը եւ Մելիք Արշակյանը մտերիմ հարեւաններ են եւ շատ լավ հարաբերությունների մեջ են եղել մինչ այդ դժբախտ դեպքը:
Հասկանալով հանդերձ, որ հիմա համագյուղացիներից ում էլ որ հարցնես, միայն դրական գնահատականներ կտան, այնուամենայնիվ նկատենք, որ անշուշտ այս պատմության մեջ անհասկանալի դրվագները շատ են: Միակ հստակ փաստն այն է, որ աղջիկը քննության ժամանակ ընկել եւ կոտրել է ոտքը: Սովորական կոտրվածք, որը հազարավոր մարդիկ են ստանում ու դրանից հետո հանգիստ ապրում են տարիներ ու տասնամյակներ: Բայց այս դեպքում աղջիկը մահացավ: Այսինքն` նախ անհասկանալի է մնում, թե ինչու, միթե ՙճարպային էմբոլիա՚ կոչվածը անպայման պետք է մահվան հասցներ: Մի խոսքով` արդյոք բուժման ընթացքում նորմալ է արվել ամեն ինչ: Կամ` եթե Աբովյանի հիվանդանոցում աղջկա կյանքին վտանգ էր սպառնում, ինչու ժամանակին նրան չտեղափոխեցի ավելի մասնագիտացված բուժհաստատություն: Նախաքննական մարմինները փորձել են պարզել, թե երբ է Մարիամի մոտ հայտնաբերվել ՙճարպային էմբոլիա՚ ախտորոշումը,  բուժող բժիշկները միանգամից են դա պարզել ու զգուշացրել, թե այդ փաստն արձանագրել են աշակերտուհու մահվանից հետո: Չէ որ ի սկզբանե հանրության ուշադրության կենտրոնում հենց այդ հարցն էր. աշակերտուհու մահվան մեջ չկա բժիշկների ոչ մասնագիտական մոտեցման կամ անփութության խնդիր: Մինչդեռ տպավորությունն այն է, որ երեխայի մահվան փաստը թողած` քննությունը փորձում է կաշառքի եւ այլ բնույթի գործեր բացահայտել: Լավ, ասենք ուսուցիչը մեղավոր է իրեն վերագրվող ամեն ինչի մեջ: Բայց չէ որ դա չի տալիս այն հարցի պատասխանը, թե ինչո±ւ մահացավ ոտքը կոտրած աշակերտուհին:


Отправить комментарий