Մերկապարը` օլիմպիական մարզաձեւ


merkԼոնդոնի Օլիմպիական խաղերը թափ են հավաքում, սակայն, ցավոք, մենք դեռեւս մնում ենք ՙաշխարհի խորթ տղերքը՚. ՙմեզ փայ չկա՚ օլիմպիադայից:
Եվ այս օրերին տեղի են ունենում քննարկումներ նոր հնարավոր օլիմպիական մարզաձեւի վերաբերյալ: Իսկ դա կարող է լինել մերկապարը: Դրա համար այն պետք է ընդունվի ՄՕԿ-ի կողմից, համապատասխանի օլիմպիական խարտիայի բոլոր պահանջներին եւ ապացուցի, որ մերկապարով իրոք հետաքրքրվում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից: Հիմա մերկապարը` որպես մարզաձեւ, գրանցված է միայն Բրազիլիայում եւ Ղրղըզստանում:
Հայաստանում թե' պարի, թե' սպորտի մասնագետները դեմ են այդ գաղափարին, բայց հիմնավորումները տարբեր են: ՙԿաստանիետ՚ սպորտային պարերի ստուդիայի ղեկավար, Սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ ՄԱՐԻԱՆՆԱ ՄԱՄՅԱՆԸ դեմ է դրան, քանի որ կարծում է` այն բարոյականության սահմաններից դուրս է եւ մշակույթ չի կարող լինել. ՙՈրպես սպորտ` այն ինչ-որ ձեւով ընկալելի է. ֆիզիկական շատ բաներ կան, բայց որպես մշակույթ, դաստիարակչական բան կրող, միանշանակ` ոչ: Ես դեմ եմ, որ դա դառնա օլիմպիական մարզաձեւ, պրոպագանդվի, մեծ տարածում ունենա՚:
ՙԵրեւան՚ պարային ստուդիայի տնօրեն ԱՐԹՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆԸ եւս դեմ է դրան. ՙԿարող են ասել, որ  21-րդ դար է, գնում ենք առաջ եւ այլն: Բայց այդպես կարող է պոռնոգրաֆիան որպես առարկա դպրոց մտցնեն, որ մարդիկ իմանան, թե ինչի մասին է խոսքը, անունն էլ դնեն կին-տղամարդ հարաբերություններ՚: Նա նաեւ հավելեց, թե սպորտային պարերը, որ համարվում են թագավորական պարաձեւ եւ սպորտ, 25 տարի է` հերթի մեջ են, որպեսզի դառնան օլիմպիական մարզաձեւ: Բացի այդ, կան շատ այլ մարզաձեւեր, որոնք արժանի են դառնալ օլիմպիական: Ըստ նրա, դա ՙիմպոտենտների համար ինչ-որ ձեւ է, որ այդպիսի տղամարդիկ, ովքեր կյանքի հաճույքներից զրկված են, ինչ-որ մի ձեւ հոգան իրենց կարիքները՚:
Մեր կարծիքով` մերոնք պետք է կողմ լինեն մերկապարը օլիմպիական մարզաձեւ դարձնելուն, քանի որ այդ դեպքում գոնե մեդալ ձեռք բերելու հնարավորություն կունենանք: Երեւի մեր ընթերցողները չեն մոռացել մերկապարուհի Վարդանուշ Մարտիրոսյանին (ՎԱՐԴԱ), ով կարող է լավագույնս ներկայացնել Հայաստանը: Չնայած վերջերս Հայաստանում նա նշեց, որ մերկապարով զբաղվելը եղել է իր 5 տարի առաջվա երազանքը: Ընդ որում, նա ոչ միայն պարում ու երգում է, այլ նաեւ հանդես է գալիս հատուկ ծրագրերով եւ այժմ երազում է Օսկար մրցանակին արժանանալու մասին: Դե, եթե նա երազում է Օսկարի մասին, դժվար թե օլիմպիական մեդալի հավակնություն ունենա: Այդ դեպքում կարելի է տարբեր երկրներից բերած, գիշերային ակումբներում տղամարդկանց խելքահան անող այլազգիներին տալ ՀՀ քաղաքացիություն եւ ուղարկել օլիմպիադա: Մեդալ գուցե չբերեն, բայց ամեն դեպքում նրանց` ձողի շուրջ պտտվելն ավելի հաճելի կլինի, քան թե ծանրաձողից վախենալը:


Отправить комментарий