
«Տենաս տենց լոմբարդ կա՞, որ սիրտս գրավ դնեմ...»
Նկատե՞լ եք, որ չարություն կա մեր հոգում։ Ինքներս էլ դա գիտակցում ենք, բայց վախենում ենք դրա մասին բարձրաձայնել: Ամենուր ու ամեն քայլափոխի մենք բամբասում ենք, հաճոյանում, դատում ենք, եզրակացնում, քննադատում... Գնահատական ենք տալիս ամենքին ու ամեն ինչի: Այնքան սիրում ենք պիտակներ փակցնել ու բոլորի հասցեին կարծիքներ շռայլել: Բայց երբևէ նկատե՞լ եք, որ այդ ամենն անում ենք երրորդ դեմքից, ուրիշի անունից: Խոսում ենք, դժգոհում, գոռում, բայց ոչ երբեք մեր անունից: Հենց այնպես, վերացական՝ ասում են, լսել եմ, խոսում են...
Միշոն առաջինը բարձրաձայնեց այս մասին: Նա լսեց քաղաքի շրշյունն ու հասկացավ, որ «մեր քաղաքը՝ Էրևանն էլ ա խոսում: Չենք լսում: Կամաց ա խոսում, խորհուրդ ա տալի: Մեր Էրևանը, մեր մասին, մեր հետ. քաղաքը խոսում ա՝ լսեք»:
Հե՞շտ է արդյոք լինել երիտասարդ մեր դժվարին ժամանակներում: Բոլորն էլ կասեն՝ ոչ: Բայց ոչ ոք չի ասի, թե որքան դժվար է իրականում հայաստանցի երիտասարդի համար «առանց փող, առանց մեջք» բարձունքի հասնել ու ճանաչված դառնալ: «Իմ բնակավայր Մասիվն ինձ համար մի ամբողջ հանրապետություն էր, որի սահմաններից դուրս չէի էլ ուզում պատկերացնել՝ ինչ կա», – ասում է Միշոն ու թախծոտ աչքերով ավելացնում. «Չգիտեք ինչ եմ զգում, որ քուչից հասել եմ ստե»:
«Էս պրոբլեմին, տղերք, հաստատ շատ մարդ ա ձեզնից ռաստվել, շատ մարդ ա հիասթափվել, շատ մարդ ա տանջվել... Ես ձեզնից մեկն եմ»: Նա խոսում է կյանքի, երիտասարդ մարդու այսօրվա, նրա կենցաղի մասին: Միշոն ընդամենը բարձրաձայնում է հասարակության մեջ արմատացած քաղքենիության, ցանկասիրության, շվայտության, նյութապաշտության, նախանձի ու խանդի մասին՝ պարսավելով դրանք ու խարազանելով դրանց կրողներին: Թող որ Թուփակի պես դա անում է ուրույն, բայց իր սերնդակիցների համար միանգամայն ըմբռնելի ու ընկալելի ձևով:
Ռեփ մշակույթը նաև դաստիարակչական գործառույթ ունի: Այն խրատական չէ, ինչպես մեծահասակների հորդորները, ներկայացված է իրական կյանքից վերցրած օրինակներով, ուստի առավել թիրախային է, առավել ազդեցիկ ու արդյունավետ:
Միշոն խոսում է պարզ ու հասարակ, առօրեական խնդիրներից, բարձրաձայնում է այն, ինչ բոլորս գիտենք, ինչի մասին մտածում ենք, խուլ հառաչում ու մունջ տրտնջում: Բայց չենք հանդգնում ասել այդ մասին, չենք ուզում խոստովանել ինքներս մեզ, որ սա է իրականությունը, որից չես փախչի: Ամենակարևորը՝ խոսում է հասու լեզվով, ընկալելի խոսքերով ու ճիշտ շեշտադրությամբ, ինչպես Թուփակն էր անում, ինչով էլ գերում է «նոր ջահելությանը»...

Նրան սիրում են խենթի պես: Նրան ատում են կուրորեն: Նրան նախանձում ու խանդում են: Միջանկյալը չկա: Երրորդը տրված չէ: Բայց բոլորը համակարծիք են՝ Միշոն երևույթ է մեր իրականության մեջ: Փոփ արվեստի բնագավառում նա նոր ուղղություն հիմնադրեց և ունեցավ տասնյակ հազարավոր երկրպագուներ:
Միշոն հանդուգն մարտահրավեր նետեց «հաբռգած մամայի բալեքին», որոնց տեսնում ենք ամեն քայլափոխում, բայց լուռ համակերպվում ենք՝ մոռանալով, որ հենց նրանք են ապականում հասարակությունը: Շատ շուտ հասկանալով, որ «կյանքն այդպիսին չէ, մենք ենք այդպիսին», Միշոն փորձեց կյանքի ճշմարտությունը ներկայացնել «պանյատներով», որոնք, երբեմն, ավելի արդարամիտ են, քան հասարակության գրված ու չգրված օրենքները:
Նրան կարելի է մեղադրել, քննադատել, խարազանել, բայց նրա բառերը (նույն ժարգոնով, նույն շեշտադրությամբ) գործածում են բոլորը՝ համատարած, ամենուրեք: Առողջ հասարակությունն առանձնանում է նրանով, որ չի վախենում իր ներքին խնդիրները վեր հանելուց: Ընդհակառակը՝ փորձում է ինքնամաքրվել՝ բուժելով սեփական ախտերը:
Միշոյի հաջողության գաղտնիքը նրա անկեղծության մեջ է: Նա անկեղծ է, ինչպես Թուփակն էր անկեղծ: Իսկ երիտասարդությունն անկեղծություն է տենչում: Թվում է՝ նա վազում է ալիքների վրայով՝ խիզախորեն հարթելով իր սեփական արահետը ճշմարտություն որոնողների մեր խելահեղ մրցավազքում...
Отправить комментарий