Այնուամենայնիվ ում զոհերն են Կարենն ու ... Անժելան



Այսպիսի մտորումների ինձ` լրագրողիս ու իրավապաշտպանիս, դրդեց Անժելա Սարգսյանի տղամարդու` Կարեն Արայանի պաշտպանի հարցազրույցը ՙԱռաջին լրատվականի՚ լրագրողի հետ: Կայքում այդ հարցազրույցը տեղադրված էր ՙԱնժելա Սարգսյանին կարող են դատել սուտ մատնության համար՚ վերտառությամբ: Նման հավանականություն նախկինում հավանաբար կար, սակայն այն բանից հետո, երբ ոչ միայն փակ դռների հետեւում գտնվող դատարանը, այլեւ հանրությունը պաշտպանի կողմից տեղեկացվեց, որ համացանցում ՙԱրայանի կողմից տեղադրվել են 11 լուսանկարներ…՚, կարծում եմ, սուտ մատնության վարկածը որեւէ իրավապահին լուրջ չի թվա: Առավել եւս, որ ՙԱնժելայի բաց կուրծքը՚ եւ ՙսիրահար զույգի երջանիկ դեմքերը՚, որոնց լուսանկարները, ըստ մեղադրյալ Կ. Արայանի պաշտպանի, իսկապես տեղադրված են եղել Կարենի ՙՕդնոկլասնիկում՚, այնուամենայնիվ, ՙորոշակիորեն՚ հանդիսանում են անձնական կյանքին առնչվող տեղեկություններ:

Սակայն դա` անգամ տասներորդական հարցը չէ. խնդիրն այն է, թե ինչու Անժելայի ու Կարենի լուսանկարները` էրոտիկ, թե պոռնո, դարձան հասանելի հասարակությանը…

ԻՆՉՆ Է ԱՅՍՕՐ ՀՈՒԶՈՒՄ ԱՆԺԵԼԱՅԻՆ

Հեռախոսով կապնվելով վերջին ամիսներին Հայաստանի ամենահայտնի դերասանուհու հետ, ես գրեթե համոզված էի, որ այս` երկրորդ անգամ էլ կմերժվի իմ առաջարկը զրուցելու վերաբերյալ: Խոսքը չէր գնում հարցազրույցի մասին, քանի որ Անժելային խոստացվեց, որ կայանալիք զրույցից ոչ մի բառ չի հայտնվի մամուլում, եթե դրա վերաբերյալ չլինի նրա համաձայնությունը: Ես սխալվեցի մասամբ. երիտասարդ կինը հրաժարվեց հանդիպելուց, սակայն հեռախոսազրույց, այնուամենայնիվ, կայացավ: Ճիշտ է, սկզբի մի քանի րոպեներին ես ստիպված էի լսել իմ` որպես լրագրողի, մասին գնահատականները նախորդ հրապարակումների վերաբերյալ: Դրանից հետո սկսվեց ՙհարցազրույցը՚ (հարցերը տրվեցին հիմնականում Ա. Սարգսյանի կողմից) եւ լրագրողին ՙճիշտ ուղու՚ վրա դնելու գործընթացը. լրագրողին առաջարկվում էր ՙպեղումներ՚ կատարել Արայանների ընտանիքի եւ առանձին անդամների կյանքում եւ պարզել, թե ի՞նչ վարձատրության դիմաց է աշխատում Կարեն Արայանի փաստաբանը եւ դրա աղբյուրները: Ցավոք, ըստ էության, այն է` ընթացող դատավարության եւ Անժելա Սարգսյանի անձնական խնդիրների ու դրանց լուծման մասին քննարկումներ տեղի չունեցավ, քանի որ երիտասարդ կինը մտադրված է հարցերը լուծել ՙիրավական՚ դաշտում…

ՄԱՐԻՆԱ ԱՐԱՅԱՆԻ ՙՄԻՋՆՈՐԴԱՎՈՐՎԱԾ՚ ՙՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ՚

Զարմանալի է, բայց եւ փաստ է. զրուցակցիդ կողմից ուղղված մեկ հարցը հաճախ լինում է շատ ավելի պերճախոս, քան նրանց տասնյակ պատասխանները: Անժելայի հարցերը` գրվածիս ճշմարիտ լինելու մասին վկայությունն է: Կարեն Արայանի մորը` տիկին Մարինայի հետ զրույցը սկսվեց նրանից, որ նրան փոխանցեց Ա. Սարգսյանի` լրագրողին ուղղված հարցը`ՙԻնչպե՞ս եւ ո՞ւմ կողմից է վարձատրվում նրա որդու պաշտպանը՚: Պարտավոր եմ խոստովանել, որ ես քիչ թե շատ տեղյակ էի, թե ով է Կարենի պաշտպանը, նրա մասնագիտական եւ անհատական դիրքորոշումների մասին, որ այդ փաստաբանը սերտորեն համագործակցում է` աղանդավոր կազմակերպությունների գործունեության հետեւանքով տուժած քաղաքացիների շահերի պաշտպան Ա. Ամարյանի հետ եւ այլն: Այնուամենայնիվ գերադասվեց ընթերցողին ներկայացնել ոչ թե լրագրողի ենթադրությունները, այլ Անժելա Սարգսյանի ՙտղամարդ՚ Կարեն Արայանի մոր` ՄԱՐԻՆԱ ԱՐԱՅԱՆԻ համոզմունքը:

- Փաստաբան Կիմա Սարյանի հետ պայմանագիրը կնքել եմ ես: Իմ տպավորությունը երիտասարդ այդ իրավաբանի վերաբերյալ դրական է: Ամենակարեւորը, որ նա` արդարության համար կռիվ տվող փաստաբան է…

- Էլ ի՞նչն էր ՙգերել՚ կամ ՙգայթակղել՚ Ձեզ դիմել հենց այդ փաստաբանին…

Անշուշտ, Դուք կարող եք չպատասխանել այդ հարցին, սակայն հավաստիացնում եմ, որ սրան հաջորդող հարցը, կներեք, կպարտադրի Ձեզ ՙխոստովանել՚:

- Հասկանում եմ. հաջորդ հարցով Դուք անդրադառնալու եք Անժելայի հետաքրքրությանը, թե որքա՞ն եւ ի՞նչ եկամուտներից եմ ես վարձատրում փաստաբանին: Լավ, խոստովանեմ. առ այսօր ես չեմ վճարել անգամ պայմանագրում նշված գումարը, որը ընդունված հստակեցված չափի է, իսկ…

- Այո' - այո'. Դուք ճիշտ եք կռահում իմ կողմից ակնկալվող պատասխանը…

- Այդ դեպքում կարիք չկար միջամտելու: Կիման աշխատում է Ալիկ Ամարյանի հետ, եւ այդ երկու անձինք համոզված են, որ Կարենս ՙԿյանքի խոսք՚ աղանդավոր կազմակերպության զոհն է: Եվ ով եւ որքանով էլ չհամարի, թե հարցերը լուծվում են միայն փողով, Կարենի դեպքը, համոզված եմ, արդարացի հանգուցալուծում է ստանալու շնորհիվ համոզմունքների ու սկզբունքի:

- Սկզբունքների եւ համոզմունքների վերաբերյալ…: Ես հիշում եմ, որ Դուք շատ անգամ ասել եք ինձ, որ ՙԱնժելա Սարգսյան՚ բառակապակցությունը Ձեզ, մեղմ ասած, հունից հանում է, բայց ես, ինչպես եւ մեր նախորդ հարցազրույցի ժամանակ, կրկնում եմ իմ սկզբունքային համոզմունքը, որ ՙԿարենի դեպքով՚ այն աղանդի զոհը միայն Ձեր որդին չէ…

- Անժելա՞ն: Միգուցեեւ: Թող դիմի Կիմային…

- Կարծում եմ` հասկացա ակնարկը: Սակայն Դուք չեք կարող ժխտել, որ Անժելայի վիճակը, եթե ավելի ծանր չէ Կարենի վիճակից, ապա շատ ավելի անհրապույր է…

- Դուք գիտակցում եք, թե ինչ ասեցիք հենց նոր. մեկ նախադասության մեջ` երկու…

- Անհեթեթություն…

- Դա` մեղմ ասած: Թե՞ մոռացել եք, որ Կարենս բանտում է այն պատճառով, որ նրան շինծու մեղադրում են չկատարած հանցանքի համար: Համեմատելու բան գտաք… Ինչո՞ւ եք ժպտում…

- Շարունակեք, հետո ես կասեմ ինչու ժպտացի:

- Ասում եք, թե Անժելան անհրապույր վիճակո՞ւմ է: Իրեն հարցրե՞լ եք:

- Պետք էր…

- Պետք է: Կալանավորվելուց առաջ Կարենը հեռախոսով խոսել էր Անժելայի հետ ստեղծված իրավիճակի մասին: Անժելան հավաստիացրել էր, որ պոռնոնկարների ինտերնետում հայտնվելու փաստը իրեն բացարձակորեն չի հուզում: Դա խոսքեր չեն, այլ հաստատված փաստ:

- Տիկին Արայան, զայրացած ժամանակ Դուք հիշում եք մոռացվածը…

- Այդ պատճառով էիք ժպտո՞ւմ:

- Էհ, տիկին Մարինա. ի՞նչ լրագրող, որ սադրիչ չլինի: Այլեւս չեմ զայրացնի, պարզապես ես հունի մեջ էի դնում Ձեզ: Սակայն, ինչպես եւ անցյալ զրույցի ժամանակ, Դուք ասացիք, թե Կարենը բանտում է չկատարված հանցագործության համար: Որքանով ես գիտեմ, ներկայիս կալանքը` ընտրված խափանման միջոց չէ, այլ` պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու որոշման վերացման հետեւանքն է:

- Ոչ մեկը, ոչ` մյուսը: Լավ, կասեմ իրողությունը…

Կարենին կալանավորեցին այս գործը հարուցելուց մեկ ամիս հետո: Պատճառն այն էր, որ Անժելան ստել էր իրավապահներին, թե Կարենը առավոտյան ժամը 4-ին զանգել էր իրեն ու սպառնացել սպանել: Հաջորդ օրը Կարենին տարան:
- Այդ դեպքում Կարենին պետք է ներկայացված լիներ երրորդ մեղադրանքը` սպանության սպառնալիք:

- Այս անգամ սուտը հիմնավորել չկարողացան:

- Իսկ որը կարողացան… Հարցիս իմաստն այն էր, որ արդեն առնվազն երկրորդ անգամ հրապարակայնորեն հայտարարվել է, թե Կարենը ինտերնետում Անժելայի ՙինտիմների՚ վերաբերյալ ինչ-որ լուսանկարներ, այնուամենայնիվ, տեղադրել էր: Դրանից այն կողմ ի՞նչ ապացույց…

- Այն մի քանի նկարները Կարենը տեղադրել էր իր կայքում: Նրա մտքով անգամ չէր անցել, թե իր ու Անժելայի միջեւ եղած եւ բոլորին հայտնի հարաբերությունները կարող են ներկայացվել որպես անձնական կյանքի մասին գաղտնի տեղեկություն: Այդ լուսանկարները տեղադրվել էին ՙՕդնոկլասնիկում՚ Անժելայի համաձայնությամբ, եթե ոչ նախաձեռնությամբ… Սակայն դա չէ էականը…

- Դուք նկատի ունեք այն, որ պոռնոլուսանկարները Կարենը չի տարածե՞լ: Այսօր արդեն գիտե՞ք, թե ով է դա արել:

- Մի բան ես հաստատ գիտեմ եւ վատ չի լինի, որ Դուք էլ իմանաք…

- Լավ կլիներ…

- Երբ ոստիկանները եկան մեր տուն եւ խնդրեցին, որպեսզի ես տրամադրեմ իրենց մեր համակարգիչը, ես անմիջապես համաձայնեցի: Իմիջիայլոց, համակարգչի առգրավվման հանգամանքները գործում նույնպես խեղաթյուրված են… Բայց ասածս այլ է. մի քանի օր անց նույն ոստիկանները նորից եկան ու հարցրեցին, թե տանը ուրիշ համակարգիչ է՞լ կա…

- Դրանից Դուք եզրակացնում եք, որ տարված համակարգիչը քննիչներին ՙանհրաժեշտ՚ ապացույցներով չէր ապահովե՞լ:

- Իսկ դուք ինչ կեզրակացնեիք:

Իսկ ինչով կարող եք բացատրել, որ քննիչներին չի հետաքրքրել Անժելայի համակարգիչը:

- Դուք ՙհուշել՚ էիք նրանց:

- Նրանց կհուշես:

- Իսկ դատարանին: Չէ որ Դուք համառորեն ցանկանում էիք ներգրավվել որպես վկա:

- Հիմա էլ եմ ցանկանում: Խնդրել եմ Կիմայից միջնորդել դատարանում:

- Կարծում եմ` իսկն ժամանակն է. դատարանը ամիսներ շարունակ վկաներ է ՙփնտրում՚ հարցաքննելու համար:

- Դատարանը փնտրում է, բայց վկաները չեն ՙփնտրվում՚, իրավապահներն էլ անճար են, ասում են, թե վկաների հասցեները չկան…

- Նախաքննության ժամանակ հարցաքննված վկաների հասցեները գործում չլինել չեն կարող. ծանուցագրերում նշված են:

- Ծանուցագրեր գործում չկան…

Մարինա Արայանի հետ զրույցը շատ ավելի երկար եւ բազմակողմանի էր, քան ներկայացվում է այսօր: Նա պատմեց նաեւ իր նկատմամբ, մեղմ ասած, սադրանքներ կիրառելու փորձերի մասին, սակայն խնդրեց այդ մասին առայժմ չտարածվել, պատճառաբանելով, որ դրանց ժամանակը դեռ կգա: Վերջինումս տիկին Մարինայի մոտ կասկածներ չկար. նա համոզված էր, որ քրեական ՙաղանդախառը՚ այս գործի իրական հանգամանքները բացահայտվելու են, եւ այդ ժամանակ պատասխանատվությունից չեն խուսափի իսկական եւ, ամենակարեւորը, գլխավոր հանցագործները…


Отправить комментарий