
Սոնա Ավագյանն ամուսնացել է 17 տարեկանում, սակայն նա այն կանանցից է, ում ամուսնական կյանքն այնպես հեքիաթային չի անցել, ինչպես ինքն է պատկերացրել:
Ամուսնության առաջին իսկ ամիսներից սկսել է ծեծ ու ջարդը: Ամուսինն ամեն անգամ ճաշի մեջ մազ է ման եկել, որ ծեծի կնոջը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Սոնա Ավագյանը:
Նրա խոսքով, ինքն ամուսնու հետ ծանոթացել է 1995 թ-ին` 17 տարեկան հասակում, իսկ ամուսինն իրենից մեծ է եղել 5 տարով: 1996-ին ծնվել է նրանց առաջնեկը: «Ճիշտն ասած մինչեւ ամուսնանալը 3 ամիս ընկերություն ենք արել: Ինձ թվում էր, որ պետք է հեքիաթային ապրեմ: Ամուսնուս մեծ եղբայրը հորս ամենամոտիկ ընկերն է եղել, նրա միջոցով եմ ծանոթացել»,- պատմեց Սոնան:
Նրա ներկայացմամբ, ամուսինը ոչ մի աշխատանք չի ունեցել: ««Պարզապես սիրահարվել էի, ոչ մի առավելություններ չուներ, որ ինչ-որ հարստությանը վազեի կամ մեկ այլ բանի»,- նշեց Սոնան, հավելելով, որ ինքն ամուսնու 2-րդ կինն է եղել:
Ամուսինը մինչեւ ամուսնանալը պատճառաբանել էր, որ ամուսնալուծվել է, քանի որ 1-ին կինը 3 տարի երեխա չի ունեցել: «Բայց, երբ ինձ հետ սենց բան եղավ, ես հիմա նոր հասկանում եմ, որ նույնկերպ նա վարվել է նաեւ առաջին կնոջ հետ»,-ասաց նա:
Սոնան վերհիշում է, որ ամուսնությունից հետո ամուսինը 180 աստիճանով փոխվել է, սկսել է իրեն ծեծել: Ամուսինը թխվածքի մասնագետ է եղել, իսկ ինքը` հացի: «Կարող էր խմած գալ տուն ու մի ստից բանի համար ծեծեր: Ինչ որ թերություն էր գտնում, ինձ վերագրում ու ծեծում»,- վերհիշում է Սոնան: Սակայն վերջին 3-4 տարիների ընթացքում նրա կյանքը անտանելի է դարձել: Ամուսինը մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի: Մի քանի ամիս հետո Սոնան էլ է երեխաներով գնացել նրա մոտ այնտեղ հացի փռում աշխատելու: Սակայն այնտեղ գնալուն պես մեկ այլ հարվածի է արժանացել: «3-րդ երեխայովս հղի էի: Փռում երկու սիրածների հետ մտավ արտադրամաս, մեջքիցս բռնեց նետեց վառարանի մոտ ու ասաց նայիր, թե ոնց եմ սիրածներիս հետ «կայֆավատ» լինում»,-նշեց նա, ով 3 տարի այդ կարգավիճակով ապրել եւ աշխատել է մինչեւ որ 9-րդ հարկից պատահաբար հայրը ընկել եւ մահացել է, որից հետո արդեն պարտադրված է եղել վերադառնալ Հայաստան` հոր թաղմանը մասնակցելու համար:
Հայաստանում եւս իրավիճակը չի փոխվել: Սոնան պատճառաբանում է, որ երեխաների համար է հանդուրժել ամուսնուն եւ այն պիտակի, որ չասեն «ամուսնացած բաժանված է»:
Սոնայի համբերության բաժակը լցվել է, 14-ամյա դուստրը ինքնասպանության փորձ է կատարել: Դասընկերուհու տանը պարապելիս ընկերուհին նկատել է, որ 14-ամյա աղջիկը մի ոտքը դուրս է հանել, որ նետվի պատուհանից եւ մի կերպ ներս է քաշել: Երբ հարցրել է, թե ինչու է այդ քայլին դիմել, նա լացելով պատասխանել է, որ իր հայրը այսպես-այսպես բաներ է արել մոր գլխին, ամբողջ շենքով, բարեկամներով մեկ խայտառակ են եղել, հետեւաբար չի ցանկանում ապրել:
Դրանից հետո Սոնան երեխաների հետ հեռացել է ամուսնուց եւ օգնություն խնդրել «Կանանց իրավունքների» կենտրոնից, որտեղ էլ ստացել է իրավական եւ սոցիալական օգնություն:
Отправить комментарий