Ո՞ւմ չի կարողանում գտնել Սուսաննա Պետրոսյանը



Սուսաննա Պետրոսյանը երեւանյան համերգների եւ միջոցառումների ժամանակ վերջին շրջանում քիչ է ելույթ ունենում:
Երգչուհին տեղեկացրել է, որ պատճառն իր հաճախակի ճամփորդություններն են, օրեր առաջ էլ վերադարձել է Ռումինիայից, որտեղ մեկնել էր տեղի հայ համայնքի հրավերով: Բուխարեստում բնակվող հայերի համար առաջին “հայսուպերսթարը” երկու համերգ է տվել. “Ջազ նվագախմբի հետ եմ հանդես եկել, որի երկու անդամը հայ են, մյուսները` ռումինացի: Ջազային ակումբում երգել եմ ջազային ստանդարտներ: Թեեւ նախապես այլ ծրագիր էի պատրաստել, բայց էքսպրոմտ հետաքրքիր համերգ ստացվեց: Երկրորդն էլ Հայաստանին նվիրված միջոցառում էր, ելույթ ունեցա այնտեղ ապրող հայերի համար` երգելով հայրենասիրական երգեր, ինչպես օրինակ՝ “Մշո աղջիկ”-ը”:

Սուսաննա Պետրոսյանը համերգ է տվել Բուխարեստում բնակվող հայերի համար
Սուսաննան միայնակ է մեկնել Ռումինիա, որտեղ մնացել է 8 օր: Ռումինահայերի ընդունելությունը, մայրաքաղաքի այգիները եւ բնությունն աղջիկը շատ է հավանել. “Կուզեի Երեւանում էլ այդքան գեղեցիկ այգիներ լինեն: Բուխարեստում երիտասարդության համար շատ հետաքրքիր վայրեր կան, միայն օդանավակայանում էի ձանձրանում, քանի որ, ցավոք, գիրք ու համակարգիչ չէի վերցրել: Ինքնաթիռ նստելուց առաջ պատահաբար հանդիպեցի Լեյլա Սարիբեկյանին, որը նույնպես համերգներից էր վերադառնում:)”, - պատմել է Սուսաննան:


2012-ի ընթացքում երգչուհին նաեւ եղել է Լատվիայում, Շվեդիայում ու Վրաստանում, առաջիկայում մեկ ամսով մեկնելու է Ճապոնիա. “Այս անգամ համերգ տալու նպատակով չեմ գնում, պարզապես խմբի հետ ճամփորդելու ենք: Անկեղծ ասեմ, դեռ այդքան գումար չեմ աշխատում, որ կարողանամ մեկնել իմ անձնական փողերով, հիմնականում խումբն է հոգում ճանապարհածախսը: Միշտ ցանկացել եմ լինել հենց Ճապոնիայում, որովհետեւ սիրում եմ ճապոնական մշակույթն ու ապրելակերպը, նրանց մարդկային կերպարը”:

Սուսաննան որոշել է վերադարձից հետո աշնանը հավաքել փոքրիկ նվագախումբ, որի հետ ակումբային համերգներ կտա Երեւանում: Նոր երգեր ու տեսահոլովակներ երգչուհին չի խոստանում հետեւյալ պատճառով. “Ձայնագրման, նկարահանման համար անհրաժեշտ է գումար, որը միայն իմ ուժերով եմ հավաքում: Բավական դժվար է պրոֆեսիոնալ պրոդյուսեր գտնելը, դրա համար մինչ այսօր պրոդյուսեր չունեմ: Համերգներ էլ այնքան քիչ են կազմակերպվում, որ գրեթե չեն հրավիրում: Միայն բարեգործական համերգների եմ մասնակցում ու շարունակում եմ համագործակցությունս “Շանթ” հեռուստաընկերության հետ, բայց առանց պայմանագրի”:



Отправить комментарий